Կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կրկին տեղեկություն հաղորդեց Արցախից տեղահանված մեր հայրենակիցների թվաքանակի մասին, ովքեր կարողացել են հատել Հակարի կամուրջը: Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելել է, որ դեռևս ժամը 13:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 13 հազար 922-ը Հայաստանի որևէ մարզի որևէ համայնքում հաշվառվել է և տեղակայվել որևէ հյուրանոցում, հյուրատանը կամ առանձին հատկացված շինություններում, առանձնատներում: Ըստ մարզերի, ժամը 13:00-ի դրությամբ բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 820 մարդ, Արարատի մարզ՝ մոտ 2200 մարդ, Արմավիրի մարզ՝ 1049 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 1349 մարդ, Լոռու մարզ՝ 527 մարդ, Կոտայքի մարզ՝ 3594 մարդ, Շիրակի մարզ՝ 763 մարդ, Սյունիքի մարզ՝ 1918 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 1027 մարդ և Տավուշի մարզ՝ 678 մարդ:
Հիշեցնենք , որ վերոհիշյալ ներկայացված տեղեկությունը թարմացվել է և այս պահի դրությամբ ունենք շուրջ 70 հազարի շեմը հատած՝ տեղահանված հայրենակիցներ:
Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների կազմով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Խմբի աշխատանքների շրջանակում Կոտայքի մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքների սերտ համագործակցությամբ արդեն իսկ իրականացվում է հյուրընկալ անձանց և ընտանիքների հաշվառում:Այս ֆոնին մեր գործընկերների փոխանցմամբ Չարենցավանի համայնքապետարանը այս օրերին կարողացել է արցախցի բռնագաղթած մեր հայրենակիցներին ապահովել 500 -ից ավելի կացարաններով: Ի դեպ Չարենցավանի ՔՊ ավագանու թիմի ղեկավար՝ Արթուր Գալստյանի գլխավորությամբ ձեռնարկվել է բոլոր անհրաժեշտ միջոցները , որի շրջանակներում արցախցիներին տրամադրել են շուրջ 130 կացարաններ , որոնց թիվը դեռ շարունակում է աճել : Վերջիններիս նախաձեռնությամբ հավաքագրում են նաև սնունդ և տաք հագուստ, բռնագգաղթած մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով:
Հարցերի և պարզաբանումների համար ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
0223 2 73 01
094 99 48 86
Համայնքապետարանների հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել համայնքների պաշտոնական սոցիալական էջերում հայտարարված հեռախոսահամարներով:
Հ.Գ.
Ավելի ուշ կհրապարակենք նաև համայնքապետարանների կոնտակտային անձանց տվյալները:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ