Երևանին իր աջակցությունը ցույց տալու Փարիզի ցանկությունը կարող է նրան բարդ դրության մեջ դնել Անկարայի հետ հարաբերություններում, ասում է ֆրանսիացի փորձագետ Նիկոլա Մոնսոն Բորդոյի համալսարանից, գրում է Al-Monitor-ը։
Այդուհանդերձ, անդրադառնալով Ֆրանսիայի վերջին հայտարարություններին, թուրք-ֆրանսիական հարաբերությունների փորձագետը «խոհեմության» կոչ է արել: Նա նշել է, որ դեռ վաղ է ասել, թե կոնկրետ ինչ է նշանակում Կոլոնայի հայտարարությունը և թե ինչպես դա կազդի Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունների վրա։
«Ֆրանսիան վաղուց է համերաշխության կոչեր անում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայերին։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Փարիզը պետք է ցույց տա, որ իսկապես զբաղված է ոչ միայն հայտարարություններով, այլ նաև գործողություններով։ Սա է Կոլոնայի հայտարարած, Հայաստան ռազմական նյութեր մատակարարելու թույլտվության էությունը։ Բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ նյութ և ինչ քանակությամբ կփոխանցվի»,- ասել է Մոնսոն։
Ֆրանսիացի փորձագետի կարծիքով, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան Հայաստանին կտրամադրի զուտ պաշտպանական միջոցներ։
«Փարիզը կարող է դա արդարացնել Անկարայի առաջ։ Բայց եթե տրամադրվեն հարձակողական զենքեր, ապա դա լրիվ նոր խաղ է: Եթե մենք երբևէ հայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ ֆրանսիական զենքը օգտագործվի Հայաստանի կամ հայերի կողմից Ադրբեջանի դեմ, ապա Թուրքիայի ղեկավարությանը դժվար կլինի պատասխանել»,- հավելել է նա։
Մոնսոն խոստովանել է, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները լարված են արդեն մի քանի տարի, սակայն չի կարծում, որ ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ներառյալ Կոլոնայի վերջին հայտարարությունը, բեկումնային կլինի։
«Փարիզի հայտարարությունները և ռազմական տեխնիկայի մատակարարմանը հավանություն տալու որոշումը ուղղված չեն Թուրքիայի դեմ։ Դրանք ուղերձ են Հայաստանին և հայ ժողովրդին, որ Ֆրանսիան չի լքում իրենց: Սա նաև ուղերձ է ԵՄ մյուս անդամներին և հայկական ճամբարում գտնվող երկրներին, որ Ֆրանսիան անկեղծորեն հավատարիմ է Հայաստանի պաշտպանությանը: Ի վերջո, սա Փարիզի կառավարության համերաշխության ներքին ուղերձն է Ֆրանսիայի հայազգի բազմաթիվ քաղաքացիներին: Ֆրանսիան միտումնավոր չի փորձում սադրել Թուրքիային»,- ասել է նա։
Փարիզը և Անկարան տարաձայնություններ ունեն մի քանի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքները, քրդական խնդիրը և մի շարք տարածաշրջանային ճգնաժամեր՝ Սիրիայում և Լիբիայում պատերազմները և Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի միջև բախումները: Սակայն երկու երկրները որոշակիորեն մերձեցել են Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Անցած հուլիսին նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, որ «անկասկած, Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ում լինելուն», հայտարարություն, որը բարձր գնահատվեց Փարիզում։
Մոնսոն ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս գտնվում է հատկապես ծանր տնտեսական իրավիճակում։ Ուստի, նա պետք է նորոգի հարաբերություններն Արևմուտքի հետ և վերականգնի իր կապերը ԵՄ-ի հետ։
Էրդողանն անցած կիրակի Անկարայում խորհրդարանի բացման ժամանակ խիստ խոսքեր օգտագործեց՝ ասելով, որ «այլևս ոչինչ չի ակնկալում ԵՄ-ից, որը մեզ 40 տարի սպասեցնել տվեց իր դռների մոտ»: Այնուամենայնիվ, Մոնսոն նշել է, որ Էրդողանը մտադիր չէ կոշտ միջոցներ ձեռնարկել, համենայն դեպս, Հայաստանի հետ Ֆրանսիայի համերաշխության պատճառով։
«Փարիզի և Անկարայի միջև տարաձայնությունների երկար ցուցակ կա, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ, ինչպիսին է բանտարկյալ իրավապաշտպան Օսման Քավալայի գործը: Սակայն եթե Ֆրանսիան շատ հեռուն չգնա Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության հարցում, ապա Թուրքիան, հավանաբար, կկարողանա զսպել նրան»,- եզրափակել է փորձագետը։