Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։
«Հիմք ընդունելով տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ լուծելու սկզբունքը՝ Ադրբեջանը առաջ քաշեց 3+3 համագործակցության ձևաչափը։ «Ներկայումս ստեղծվել են պատմական պայմաններ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար»,- ասվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված Ալիեւի ուղերձում:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշի քաղաքում, որտեղից, ինչպես այժմ ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքից, տեղահանվել է բնիկ հայ բնակչությունը։
Ալիեւը նաեւ հայտնել է, որ առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչեւ 100 հազար մարդու վերաբնակեցնել օկուպացված տարածքներում: