ԱՐՏԱՇԱՏԸ 2212 ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր  հնագույն քաղաք  Արտաշատի տոնն է , որը հին   Հայաստանի մայրաքաղաքն է եղել մ.թ.ա. երկրորդ -մ.թ. չորրորդ դարերում: Արտաշատի համայնքապետ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ քաղաքի տոնի առթիվ շնորհավորում է  ազգաբնակչությանը և գրառում է կատարել  իր ֆեսբության էջում՝

«ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՄԵՐ ՀՆԱԳՈՒՅՆ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔ
Արտաշատ համայնքի սիրելի ՛ բնակիչներ
Մեր սիրելի քաղաքը՝ Արտաշատը, այսօր տոնում է հիմնադրման 2212-ամյակը:
«Հայկական Կարթագենը»՝ թագավորանիստ, մեծ ու խիստ գեղեցիկ քաղաքը, Հայաստանի երբեմնի հզոր ու զարգացած մայրաքաղաքն էր, ժամանակի ամենահայտնի քաղաքներից մեկը, արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից: Արտաշատն է թատրոնի բնօրրանը:
Եվ ինչպես ինձ, այնպես էլ յուրաքանչյուր արտաշատցու համար, վստահ եմ, մեծ պատիվ ու հպարտություն է, ապրել ու արարել մի համայնքում, որը պատմական մայրաքաղաքի իրավահաջորդն ու պատմությունը կրողն է:
Ցավոք, մենք այս տարի էլ ստիպված եղանք չեղարկել քաղաքին նվիրված շքեղ տոնակատարությունը, որին սիրով պատրաստվել էինք: ‹‹Հնամյա ու նոր քաղաք›› խորագիրը կրող միջոցառումը պետք է արտացոլեր պատմության քառուղիներով անցած մեր քաղաքի հարուստ անցյալը, նոր գույներ ու շունչ ստացած այսօրվա Արտաշատի առօրյան: Սակայն սեպտեմբերյան արյունոտ իրողություններից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի զոհ դարձան մեր հայրենակիցները, հազարավոր մեր հայրենակիցները ստիպված եղան թողնել իրենց տներն ու բռնել գաղթի ճանապարհը, մեզ համար առաջնային դարձավ մեր ողջ ուշադրությունը սևեռել այս օրերին Արտաշատում հանգրվանած մեր եղբայրներին ու քույրերին ապաստան տալու և նրանց կեցության պայմանների ապահովման աշխատանքներին:
Արտաշատն այս օրերին դարձել է մի մեծ ու հյուրընկալ տուն՝ բռնի տեղահանված ավելի քան 5000 մեր հայրենակիցների համար, բոլորս մեր ուժերը կենտրոնացնելով՝ նեցուկ ու հենարան ենք եղել նրանց:
Եվս մեկ անգամ խոնարհվում և փառք ենք տալիս հայրենիքի համար բոլոր ժամանակներում նահատակված հայորդիներին, արտաշատցի մեր անմահներին:
Այսօր՝ մարտահրավերների դժվարին այս ժամանակաշրջանում, մենք, առավել քան երբևէ, միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք, որպեսզի կարողանանք հաղթահարել բոլոր փորձությունները:
Ես հավատում եմ, որ դժվարություններն անցողիկ են, և ինչպես մեր պետության, այնպես էլ Արտաշատի համար լավագույն ու լուսավոր օրերը դեռ առջևում են:
Շնորհավո՛ր տոնդ, մեր հին ու նոր քաղաք, թո՛ղ խաղաղ ու կապույտ լինի երկինքդ»-ասված է շնորհավորական ուղերձում:
Կարինե Սարգսյան
Spread the love