Վայոց ձորում որոնվող հովվին գտել են, նա կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են կյանքի համար

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո, չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի 25-ից ավելի ծառայողներ և մոտ 110 գյուղացիներ:

Մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացուն հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում և ոստիկաններն ու փրկարարները պատգարակով նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կայծակնահարվել է և նրան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով հնարավոր է՝ տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը:

Spread the love