Պետությունն սկսվում է գյուղից. մենք պիտի ստեղծենք բարեկեցիկ, սոցիալապես ապահովված Արզնի. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Արզնիում հոկտեմբերի 29-ին կայանալու է ՏԻՄ ընտրություն, որին առաջադրվել է նաև Վարդան Ավագյանը։ Այցելեցինք համայնք և զրուցեցինք թեկնածուի հետ:

-Պարոն Ավագյան, կներկայացնե՞ք Արզնիի այն խնդիրները, որոնք լուծում կստանան Ձեր ընտրվելու դեպքում:

-Արզինիում խնդիրները չեն տարբերվում հանրապետություն մյուս համայնքերից՝ սոցիալականից մինչև սանիտարահիգենիկ խնդիրներ, հողահատկացումների ոչ ճիշտ բաշխում, կադաստրային անճշտություններ, որոնք առաջացրել են քարտեզագրային լուրջ խախտումներ: Արզնիում քչե՛րն են զբաղվում գյուղատնտեսությամբ: Սոցիալական և հոգեբանական վիճակը՝ միջին վիճակագրական է՝ պատերազմի վերքերը չհաղթահարած, գործող իշխանության անփառունակ քաղաքականության հետևանքով հուսախաբ եղա ծ քաղաքացի, որն ապրում է անառողջ և բարդ պայմաններում, մտածում է դուրս գալ անորոշության շղարշից: Այսուհանդերձ՝ մեր համայնքում ապրում ենք կողք-կողքի՝ խաղաղ ու համերաշխ, ազգային այլ փոքրամասնությունների՝ ասորիների, եզդիների, ռուս մոլոկանների  հետ միասին։ Ունենք Գետաշեն թաղամաս, որտեղ ապրում են 1991 թ․ին Հյուսիսային Արցախից և 2020թ Արցախից այստեղ հաստատված մեր հայրենակիցները, որոնք կիսում են նույն ցավը, խնդիրներն ու հեռանկարը: Հատկանշական է, որ այս թաղամասում համայնքային խնդիրներն ավելի ցայտուն են. դրանք, անխոս, կստանան լուծումներ՝ իմ ընտրվելու դեպքում։

Համայնքն ասորաբնակ է, համենայնդեպս՝ այդպիսի համբավ ունի Արզնին: Ի՞նչու եք որոշել առաջադրվել։

– Ես այստեղ հաստատվել ու ապրում եմ դեռ 90-ականներից: Ինքս տիրապետում եմ մեր համայնքի խնդիրներին և դրանք իրագործելու հարցում ունեմ հստակ ծրագրային ու ճանապարհային քարտեզ, մասնավորապես՝ կոյուղիների, թափառող շների, համայնքի հավասարաչափ զարգացման, փոքրամասնությունների էթնիկ տոների ու ավանդույթների պահպանման հարցեր: Ձևականորեն բարեկարգել համայնքի կենտրոնն ու անտեսել հեռավոր թաղամասերը՝ կոպտագույն սխալ է, ինչն ավելի է խորացնում բնակիչ-համայնքի ղեկավարություն՝ առանց այդ էլ անվստահելի կապը: Առաջադրվել եմ, քանի որ ունեմ կուտակած մեծ փորձ, ներուժ, գիտելիք, ցանկություն և նախաձեռնող խմբի խնդրանք: Արզնին խոշոր համայնք է, ունի մեծ ենթակառուցվածքներ: Երբ մարդիկ փորձում են աշխատանքներ կատարել (խանութ, առևտրային տարածքներ և այլն) հաճախ բախվում են հողային ոչ ճշգրիտ չափված տարածքների, ինչը խայտառակ քարտեզագրման հետևանք է։ Նախընտրական իմ ծրագրում հստակ նշել եմ՝ գույքագրել հողային ռեսուրսներն ու ստեղծել հանձնաժողով, որը միանգամից կլուծի բոլոր բնակիչների խնդիրները՝ առանց բյուրոկրատական քաշքշուկի ու  ավելորդ թղթաբանության։ Հողային հարցի անճշտությունները վերաբերվում է բոլորին: Ինքս ունեմ այդ խնդիրը լուծելու խելամիտ տարբերակներ։

– Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ինչպե՞ս եք այն անցկացնում, արդյո՞ք հավասար պայմաններում է անցնում։

-Ստեղծված վիճակում դժվար է խոսել հավասար և առողջ մրցակցության մասին, բայց ես այն տանում եմ առավելագույնս քաղաքակիրթ մեթոդներով, իմ ծրագրային դրույթները  տարածում եմ սոցցանցերում, հանդիպում մեր բնակիչների հետ, շրջում թաղամասերով և ծանոթացնում նրանց իմ թիմի ծրագրերին, հետևողականորեն լսում բնակիչների գանգատներն ու մտահոգությունները, արձանագրում առաջարկները: Այսուհանդերձ՝ փաստեմ, քարոզարշավը բնական հունով է ընթանում, մթնոլորը թշնամական չէ, մրցակից թեկնածուների հետ էլ ունեմ նորմալ հարաբերություններ, բայցև փաստեմ՝ միտումնավոր տարածվում են անպարկեշտ, ստահոդ ու պատվիրված ասեկոսեներ։ Ինքս աշխատում եմ օրենքի դաշտում՝ կազմակերպելով քաղաքակիրթ քարոզարշավ, որը չի հատում բարեվարքության սահմանները: Ինձ համարում եմ համերաշխություն ստեղծող թեկնածու, որն ընտրվելու դեպքում կադրային խտրականություն չի դնելու, նույնիսկ հայտարարել եմ, որ համայնքապետարանում կլինեն մասնագետներ բոլոր մրցակից թեկնածուների թիմերից, որոնք ողջամտության և համերաշխության պայմաններում կնպաստեն համայնքի զարգացմանը։

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

-Ա՛յո, «Հայրենիքի հիմքը գյուղն է», որը կապահովի բարեկեցիկ ու սոցիալապես ապահովված Արզնի։

Պարոն Ավագյան  ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները։

– Արզնին հետաքրքիր համայնք է, որտեղ ինքս ունեմ շատ ընկերներ, բարեկամական ու ջերմ հարաբերություններ գրեթե բոլորի հետ՝ անկախ ազգությունից։ Այլ խնդիր է, որ իմ դեմ իրականացվում է սև ու անպտուղ քարոզչություն: Օրինակ՝ ասում են, թե իմ ընտրվելու դեպքում Արզնին կարող է խոշորանալ այլ համայնքների հետ։ Արզնին չի խոշորացվել որպես ազգային փոքրամասնության համայնք և դա չի որոշվում ըստ համայնքի ղեկավարի ազգության։ Չմոռանանք, որ համայնքների խոշորացման ծրագիրն ավարտվել է դեռ 2022 թ․ սեպտեմբերին։ Արզնին այլևս չի խոշորացվելու։ Արզնին երբևէ չի ընդգրկվելու որևէ խոշորացման ծրագրում։ Այսուհանդերձ՝ իմ ընտրվելու հնարավորությունը գնահատում եմ բարձր, քանի որ մտացածին խոստումներ չեմ տալիս, որոնք կտրված են իրականությունից: Արզնիում չկա գեթ մեկ գյուղատնտես, որ չհամաձայնվի ինձ հետ՝ համայնքի երբեմնի գյուղատնտեսական համբավը վերականգնելու հարցում, դեռ չեմ խոսում գյուղատնտեսական շուկայի մոդելը ներդնելու մասին: Նույնը վերաբերվում է համայնքի առողջարանային անձնագրին։

Ձեր կոչը արզնեցիներին։

-Բոլորին կոչ եմ անում համախմբված մասնակցել ընտրությանը, ընտրել խելամիտ ծրագիր առաջարկող վստահելի թեկնածուին և անցնել առաջ։

Լրատվություն

Spread the love