Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտը հրատապ անհրաժեշտություն է, հակառակ դեպքում կարող է «պայթյուն» լինել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդուլլահը՝ Ամմանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, որ համաշխարհային տերությունները պետք է ճնշեն Իսրայելին, որպեսզի դադարեցնի Գազայի հատվածի անողոք ռմբակոծումը և 2,3 միլիոն պաղեստինցիների խիտ բնակեցված անկլավի շրջափակումը:
Մակրոնը, ով Ամման է ժամանել երեքշաբթի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ բանակցություններից հետո, Աբդուլլահի հետ քննարկել է հակամարտությունը դադարեցնելու ուղիները՝ հիմնված Իսրայելի հետ գոյակցող ապագա Պաղեստին պետության վրա:
«Պատերազմը (Գազայում) շարունակելը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի պայթյունի»,- ասել է Աբդուլլահը Մակրոնին՝ կրկնելով տարածաշրջանի առաջնորդների մտավախությունները, որ պատերազմը կարող է տարածվել Գազայի հատվածից շատ հեռու:
«Մենք դեմ ենք Իսրայելի ցանկացած փորձի՝ հրահրելու պաղեստինցիների արտագաղթը կամ Գազայի բնակիչների ներքին տեղահանումը», – ասել է Աբդուլլահ թագավորը: