Բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով

Հայաստանի կողմից ոչ կառուցողական քայլերը հանգեցրին երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի դանդաղմանը։ Այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։

Միևնույն ժամանակ, Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների։ «Բանակցությունների ձևաչափը կարող է ցանկացած կերպ լինել, կարևոր է հասկանալ, որ դա հարց է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Խաղաղության պայմանագրի համաձայն՝ մենք հայկական կողմին ենք փոխանցել մեր հաջորդ առաջարկները և այժմ սպասում ենք նրանց պատասխանին»,- հավելել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանում (հոկտեմբերի 23-ին) «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման ժամանակ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորման հարցը. «Իմ հանդիպումն այնտեղ հայ գործընկերոջ հետ նախատեսված չէր։ Այնուամենայնիվ, մենք հանդիպում անցկացրինք, որն ավելի քան 40 րոպե տեւեց»։

Spread the love