2024 թվականին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է մոտ 4 միլիարդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանաշինության ծրագրին։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 6-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով` 2 մլրդ դրամի պետական աջակցություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի առանձին բնակավայրերից տեղահանված 4032 ընտանիքի համար բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակարանների կառուցման ծրագիրը շարունակելու համար։
«Այսօվա դրությամբ, ծրագրի շրջանակներում բնակարանով ապահովվել է 1735 ընտանիք»,- ասաց Մկրտչյանը։
Որոշ վկայական ունեցողների համար գործընթացը շարունակվում է:
Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման ծրագրին, ապա այդ նպատակով հիփոթեքային վարկ ստացած 500 շահառուների կտրամադրվի մոտ 475 մլն դրամի ֆինանսական աջակցություն։
«Ի դեպ, 180 ընտանիք արդեն նպաստառու է դարձել»,- նշեց նախարարը։