Թուրքիայի նախագահ Էրդողանը Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի, Էրդողանը և Ռաիսին քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը և դրա լուծման համար անհրաժեշտ քայլերը, Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների դադարեցումը կծառայի խաղաղությանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ «Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է ձգտի հասնել արդարացի լուծման արտահերթ գագաթնաժողովի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է լուծել խնդիրը՝ ստանձնելով երաշխավորի պատասխանատվությունը։
«Իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշում ընդունի և մեծացնի ճնշումն Իսրայելի վրա»,- ասել է նախագահը։