Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը և իրավական ակտն ընդունել՝ առանց համապատասխան դիմումի առկայության:
Միաժամանակ, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նաև Աշխատանքային օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որով ամրագրվել է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար (միջին ամսական աշխատավարձի 0.15%-ի չափով), երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի արձակուրդ չի տրամադրում աշխատողին։
Նոր փոփոխությունները չեն տարածվում մինչև այդ կարգավորման ուժի մեջ մտնելը կուտակված ամենամյա արձակուրդների վրա, և կիրառելի կլինեն կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո նոր ձևավորվող աշխատանքային տարիների համար հասանելիք ամենամյա արձակուրդների նկատմամբ։
Հետևաբար, մինչև 2023 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատողների չօգտագործված արձակուրդների վրա նշված նոր կարգավորումները չեն տարածվի, և մինչ այդ կուտակված արձակուրդներն ամբողջությամբ սպառելու պարտավորություն առկա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։