Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել

Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ ամրագրել «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարեւորել է Արարատյան դաշտում ստորգետնյա խորքային հորերի եւ ջրային պաշարների կառավարումը: Պատգամավորը նկատել է, որ խնդիրը մշտապես արդիական է ու հետաքրքրվել նախարարից` կա՞ հասկացության մասին սահմանված ստանդարտ ու տեխնիկական նկարագիր, կատարվե՞լ են համապատասխան հաշվարկներ եւ հարցն արդյո՞ք քննարկվել է ձկնաբուծական տնտեսությունների հետ:

Հակոբ Սիմիդյանը նշել է, որ առաջիկայում կներկայացվի, թե ինչ է իրենից ներկայացնում «փակ շրջանառու համակարգը»: Այն կքննարկվի նաեւ խորհրդարանականների հետ:

Նախարարը հայտնել է, որ գերատեսչությունը չի սահմանի այնպիսի կարգավորում, որի պատճառով տնտեսվարողները վատ կամ անելանելի իրավիճակում կհայտնվեն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը կարեւորել է ընդունված ակտերի հետեւողականության կիրառումն ու նշել, որ հաստատված կառավարման պլաններն անընդհատ փոփոխելը սխալ է: Խորհրդարանականը վերահաստատել է այն միտքը, որ քննարկվող նախագծի առաջնահերթությունը պետք է լինի շրջակա միջավայրի պահպանությունը:

«Ցանկացած որոշում, որը հիմնված չի լինի ու չի հավասարակշռի շրջակա միջավայրի պահպանությունն եւ տնտեսվարողների շահերը, իրենից մեծ վտանգ կներկայացնի»,- նկատել է խմբակցության քարտուղարը:Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա բացելու քննարկումների դուռը:

Spread the love