Կանգնելու ենք լճերում ու դիմավորելու ենք նրանց, ովքեր գալու են մեր ջուրը փակեն․ ձկնաբույծ

Կանգնելու ենք լճերում ու դիմավորելու ենք նրանց, ովքեր գալու են մեր ջուրը փակեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության բակում բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբույծներից մեկը։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։

«Մենք հարակից համայնքներում ջրի խնդիր չունենք։ Այդ խնդիրն ունենք տարածաշրջանում։ Փոխնախարարը առանց ամաչելու, պատկերացում չունենալով մեր գործից, ասում է՝ Հայաստանի կեսից շատը խմելու ջուր չունի, իսկ դուք ձուկ եք պահում։ Հայաստանի կեսն ապրում է Երեւանում, փաստորեն Երեւանը խմելու ջուր չունի՞ կամ մարզերում, նայում ու ասում է՝ լավ, մի րոպե, ոնց որ ոռոգման խնդիր ունենք։ Սա պատվեր է, չգիտենք՝ որ երկրից։ Նախարարը չի պատկերացնում՝ ինչ է փակ համակարգը։ Մեզ ուղարկում է Սեւան, որ տեսնենք՝ ինչ է փակ համակարգը։ Մեր տեղեկություններով՝ 30 մլն դոլար փող են դրել 200 լիտր ջրի վրա ու 10 տարի մինուսով աշխատում են, ամեն տարի 2 մլն դոլար մեր քրտինքից աշխատավարձ են տալիս։ Մոռանում են, որ իրենք այդ աթոռին են մեր քվեով ու եթե նախարար են դնում, ապա պետք է որոշակի պատկերացում ունենա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել ձկնաբույծները, եթե նախագիծը կյանքի կոչվի, ակցիայի մասնակիցն ասաց․ «Սարդարապատ ենք տալու, կանգնելու ենք լճերում ու դիմավորելու ենք նրանց, ովքեր գալու են մեր ջուրը փակեն։ Եթե ձեր տունը անօրինական քանդեն, դուք ո՞նց կվարվեք։ Ես կոտրած ձեռքով ընտրել եմ իրենց, եկել տունս քանդում են»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոս:

Spread the love