Զինադադարը նախատեսվում է սկսել նոյեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։
Պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել, արդեն համաձայնեցված է և հասանելի է։ Սպասվում է, որ 13 իսրայելցի քաղաքացիներ ազատ կարձակվեն ուրբաթ կեսօրին, հաղորդում է Bild-ը։
Զինադադարի ուժի մեջ մտնելուն պես մարդասիրական օգնություն կարող է առաքվել Գազայի հատված։
ՀԱՄԱՍ-ը հաստատել է հրադադարի մեկնարկի մասին տեղեկությունը, որը պետք է տևի չորս օր, հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը։ Ընդհանուր առմամբ, հրադադարի ընթացքում պետք է ազատ արձակվեն 50 պատանդներ՝ կանայք, ինչպես նաև մինչև 19 տարեկան երեխաներ և երիտասարդներ։
Նախապես նախատեսվում էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի իրականացումը կսկսվի հինգշաբթի օրը։ Սակայն հետո Իսրայելի անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին ասաց, որ բանակցությունները շարունակվում են, և որ պատանդների ազատ արձակումը չի սկսվի մինչև ուրբաթ: