2023թ. 9 ամիսների արդյունքներով ՀՀ պետբյուջեն դեֆիցիտային չէ. ֆիննախ

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2023թ. 9 ամիսներին կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ, ինչը 13,8 տոկոսով ավելին է, քան 2022թ. նույն ժամանակամիջոցում։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Ծախսերը նույն ընթացքում կազմել են 1 տրլն 633 մլրդ դրամ։ Դա 17,2 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ «Կատարողականը կազմել է 84,6 տոկոս։ Այսինքն՝ պետբյուջեն 2023թ. 9 ամիսների արդյունքներով ըստ էության դեֆիցիտային չէ։ Նախապես պլանավորված 284,4 մլրդ դրամ դեֆիցիտի փոխարեն Հայաստանի պետական բյուջեում կա 74,6 մլրդ դրամի պրոֆիցիտ»,- ասել է փոխնախարարը։

Հարկերի եւ տուրքերի գծով պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 617 մլրդ դրամ։ Դա ավելի վաղ նախատեսված մուտքերի մոտ 99,9 տոկոսն է։

Spread the love