Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո։ Այս մտադրությունը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն։
«Վերջին շաբաթվա ընթացքում մենք հասել ենք հսկայական հաջողության՝ տասնյակ առևանգվածների վերադարձնելով: Մեկ շաբաթ առաջ դա կարող էր անպատկերացնելի թվալ, բայց մենք հասանք դրան։ Սակայն վերջին օրերին ես լսում եմ այն հարցը, թե, արդյո՞ք, Իսրայելը կվերադառնա մարտերին մեր պատանդներին վերադարձնելու այս փուլի ավարտից հետո: Եվ սրա պատասխանը միանշանակ այո է»,- հայտարարել է Նաթանյահուն, որի խոսքը տարածել է նրա գրասենյակը:
Վարչապետը հաստատել է, որ գործողության բոլոր հայտարարված նպատակները, այդ թվում՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական ներուժի ոչնչացումը, մնում են անփոփոխ։ «Պատերազմի հենց սկզբից ես երեք նպատակ եմ դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել մեր բոլոր պատանդներին և ապահովել, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայել պետության համար։ Այս երեք նպատակները նախկինի պես ուժի մեջ են»,- ասել է նա:
Նաթանյահուն վստահ է, որ գործողությունը շարունակելու որոշումը հիմնված է ինչպես Իսրայելի իշխանությունների, այնպես էլ նրա ժողովրդի աջակցության վրա։ «Չկա տարբերակ, որով մենք չվերսկսենք ռազմական գործողությունները մինչև վերջ։ Սա է իմ քաղաքականությունը։ Անվտանգության ողջ կաբինետը սատարում է սրան: Ամբողջ կառավարությունն աջակցում է սրան։ Զինվորներն աջակցում են սրան։ Ժողովուրդը աջակցում է սրան, և մենք հենց սա ենք անելու»,- եզրափակել է նա։