Հայաստանի միգրացիոն ծառայությունները ցանկանում են երկարացնել նախկին խորհրդային հանրապետություններում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետության ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում Հայաստանում ապրող հայերի մասին է, ովքեր դեռ չունեն ՀՀ քաղաքացիություն։
«Քաղաքացիություն ստանալու վերջնաժամկետը լրանում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին»,- ասաց Ղազարյանը։
Ծառայությունն առաջարկում է այդ ժամկետը երկարացնել երեք տարով՝ մինչև 2026 թվականը։
«Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ որոշ մարդիկ քաղաքացիության հարցերով դեռևս դիմում են միգրացիոն ծառայություն»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։