Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Այս մասին հայտնում է Interfax-Azerbaijan-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարարները դրական են գնահատել վերջին ամիսներին կայացած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները։
«Արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և կապի միջանցքների զարգացման ծրագրերը, նշել են Իրանի տարածքով Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր տրանսպորտային կապի ստեղծման աշխատանքների արագացման կարևորությունը»։ ասված է հայտարարության մեջ։
Հանդիպմանը Բայրամովն իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է նաև «Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարների, այս ուղղությամբ Հայաստանի կողմից առկա խոչընդոտների մասին»։
«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի ռազմականացման փորձերը վտանգ են ներկայացնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ում։