Իսրայելը եւ ԱՄՆ-ն տարակարծիք են հետպատերազմյան Գազայի ճակատագրի հարցում

Իսրայելը եւ ԱՄՆ-ն տարակարծիք են հետպատերազմյան Գազայի ճակատագրի հարցում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելն օգտվում է ԱՄՆ աջակցությունից ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու եւ պատանդներին վերադարձնելու իր նպատակներում, բայց դաշնակիցները տարակարծիք են, թե ինչ է լինելու Գազայում պատերազմից հետո։

Նեթանյահուն հայտարարել է, որ Գազան «չի լինելու ոչ ՀԱՄԱՍ-ստան, ոչ ՖԱԹՀ-ստան»։ «Ես կցանկանայի պարզաբանել իմ դիրքորոշումը. ես թույլ չեմ տա Իսրայելին կրկնել Օսլոյի սխալը»,- ասել է Նեթանյահուն՝ չնշելով, թե ինչ սխալի մասին է խոսում։

Օսլոյի 1993թ. համաձայնագրերը սահմանել են սահմանափակ Պաղեստինյան ինքնավարություն Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում։

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը պատասխանել է այն հաղորդումներին, որ Իսրայելի վարչապետը համեմատել է Օսլոյի համաձայնագրերը կոտորածի հետ, որը կազմակերպել է ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին՝ հայտարարելով, որ երկուսն են դարձել իսրայելցիների նույն քանակությամբ մահերի պատճառ։ «Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը Օսլոյի համաձայնագրերի մասին հաստատում է նրա պատերազմը բոլոր պաղեստինցիների դեմ»,- ասել է Ալ-Շեյխը։ «Մենք Նեթանյահուին ասում ենք, որ Օսլոյի (համաձայնագիրը) մնացել է նրա տանկերի թրթուրների տակ, որոնք անցել են մեր քաղաքներով, գյուղերով եւ ճամբարներով Ջենինից մինչեւ Ռաֆահ»։

Spread the love