Նիստ է գումարել ԱԺ քննիչ հանձնաժողովը

Հունվարի 11-ին  հերթական նիստն է գումարել ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:  Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Ներկա են եղել հանձնաժողովականներ ԱԺ երեք  խմբակցություններից եւ փորձագետներ:
Արծվիկ Մինասյանը նախ փաստել է, որ հանձնաժողովը չի պատրաստվում քննարկել հիմնադրամի կառավարչական գործառնությունները, ապա ուղղել առանցքային հարցերը:  Պատգամավորը շեշտել է, որ նպատակն է պարզել, թե միջոցները, որոնք Կառավարությունը ստացել ու որոշակի ծախսումներ է իրականացրել, որքանով են համապատասխանում երկրի գործող օրենսդրությանը եւ արդյո՞ք ծախսման ուղղությունները ծառայում են  դրամահավաքի կազմակերպման նպատակին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է, որ ՊԵԿ-ի կայքում առկա են հիմնադրամի ֆինանսական եւ  ծրագրային հաշվետվությունները` հաստատված հոգաբարձուների խորհրդի կողմից:  Մանրամասներին զուգահեռ նա տեղեկացրել է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած  «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին  մասնակցել է շուրջ 750.000  դրամատու:  Դրամահավաքի մեկնարկը համաձայնեցվել էր հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաեւ Կառավարության հետ:
Հայկակ Արշամյանին հարցեր են ուղղել պատգամավորները: Դրանք վերաբերել են հանգանակությունների մեծ եւ միջին ծավալներին, հիմնադրամի հաշիվներին ու գործունեությանը, հանրության  շրջանում կառույցի նկատմամբ առկա անվստահությանը, ինչպես նաեւ նվիրատվության, նվիրաբերության համար հիմք հանդիսացած հանգամանքներին:
Ելնելով քննարկվող ուղղությունների առանձնահատկություններից` քննիչ հանձնաժողովն աշխատանքները շարունակել է դռնփակ:
Spread the love