Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անձնական օգնականի ծրագրի շահառուների ցանկը կընդլայնվի։ Ծառայությունը հանրապետությունում ներդրվել է հունվարի 1-ից, բայց 2023–ին իրականացվել է անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագիր։
Նարեկ Մկրտչյանը ծրագրի արդյունավետ իրականացման համար որոշակի փոփոխություններ առաջարկեց` հիշեցնելով, որ ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։
«Եթե նախկին գործող որոշման համաձայն՝ ծառայություն ստանալու իրավունք ունեին միայն հենաշարժական, տեսողական և հոգևոր կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված էր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ուներ 10-ից բարձր անապահովության միավոր, ապա այս նախագծով մենք ընդլայնում ենք անձնական օգնականի ծառայության թիրախ խումբը, և ծառայություն է մատուցվելու հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող՝ 15 տարին լրացած անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք գտնվում են նպաստի համակարգում, թե ոչ:
Հաշմանդամություն ունեցող անձը որպես անձնական օգնական կարող է ներկայացնել իր նախընտրելի թեկնածուին, իսկ նման թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականների առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից»,- ասաց նախարարը և հավելեց, որ ծառայության մատուցման համար 1 ժամվա գումարը 1050 դրամ է՝ հարկերը ներառյալ:
Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին 57 վերապատրաստված անձ կա, նրանք նպաստի համակարգում գտնվող անձինք են, այսինքն՝ նրանք, որ նաև գործազուրկ են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ընտանիքի անդամը կարո՞ղ է դառնալ շահառու: ԱՍՀ նախարարը միջազգային փորձը մեջբերեց՝ նշելով, որ ընտանիքի անդամը չէ այս պարագայում թիրախը, քանի որ աշխատանքային պայմանագրի լուծման մասով խնդիրներ կարող են առաջանալ: Մյուս կողմից էլ ընտանիքի անդամը կարող է ասել՝ մասնագիտական վերապատրաստման կարիք չունի և հրաժարվի վերապատրաստման վկայական ստանալուց:
Փաշինյանը նկատեց, որ մասնագիտական վերապատրաստումից հրաժարվելու դեպքում չի կարող օգտվել ծառայությունից. «Մեր շահառուն ընտանիքի անդամը չէ, մեր շահառուն այն մարդն է, ում պետք է խնամել, մենք փող ենք տալիս, մեզ հետաքրքիր չէ՝ մենք փողն ում ենք տալիս, մեզ հետաքրքիր է, թե մենք փողն ինչի համար ենք տալիս: Մենք փողը տալիս ենք մեր ստանդարտին համապատասխան խնամք ապահովելու համար: Եթե մենք համոզված չլինենք, որ նույնիսկ ընտանիքի անդամը, ծնողը, կինը, ամուսինն այդ հմտությունն ունի, մենք չենք տա այդ գումարը: Բայց ես ասում եմ՝ չփակենք այդ հնարավորությունը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նկատեց, որ այս որոշմամբ նպատակ կա քաջալերելու հաշմանդամություն ունեցող այն անձանց, որոնք ունեն սովորելու ընդունակություն, բայց նաև որպեսզի խանութ գնալու սահմանափակում չունենան:
«Ոչ թե մենք սա կարեկցանքից են անում, ոչ թե սա բարեգործություն, հումանիտար քայլ է, ո՛չ, մենք տեսնում ենք, որ մարդիկ պոտենցիալ ունեն, մեծ պոտենցիալ ունեն, և ուզում ենք, որ իրենց պոտենցիալն օգտագործեն և ուզում ենք աջակցել նրանց սեփական պոտենցիալը բացահայտելու և իրացնելու հարցում»,- ասաց Փաշինյանը:
Նախարարը խոստացավ մինչև որոշման ընդունումն ընդունել այս մասով համապատասխան կարգավորումները:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց առավել ընդլայնել ծրագիրն ու անձնական օգնականի թեկնածու դիտարկել նաև հաշմանդամություն ունեցող անձի հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամին։ Սակայն պարտադիր պայման սահմանել, որ նա անձնական օգնական կկարողանա դառնալ միայն վերապատրաստվելուց, խնամքի համապատասխան հմտությունները ձեռք բերելուց հետո։