ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։
ՔԿ-ից հայտնում են, որ Կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, ունենալով ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելու իրական ժամանակ և հնարավորություն, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ՝ տասնյակ օրեր, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ պատշաճ ջանասիրություն չցուցաբերելով, գերակշռող մասով դրսևորել է անգործություն, պարբերաբար և կոպիտ կերպով խախտել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի մի քանի հոդվածների պահանջները: Պարզվել է, որ վերոնշյալ վարույթներից մի քանիսով դրսևորած անգործության համար հիշյալ քննիչի նկատմամբ նախկինում կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։
Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրությունը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։