Միացյալ Նահանգներում սկսվել են Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրությունները։ Այովայի նահանգում հունվարի 15-ին, տեղի ժամանակով ժամը 19.00-ին Հանրապետական կուսակցության գրանցված անդամները հավակնորդներից մեկի օգտին քվեարկել են առանձին սենյակներում՝ կամ թղթի վրա գրելով նրա անունը, կամ ձեռք բարձրացնելով։
Ինչպե՞ս են անցնում ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրությունները
Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրությունները կատարվում են երկու ձեւաչափերից մեկով՝ կոկուսներ եւ փրայմերիզներ։
Կոկուսները կազմակերպում են իրենք՝ կուսակցությունները, տեղական մակարդակով, սովորաբար դրանք հանդիպումներ են ոչ պաշտոնական իրադրությունում, որոնք անցկացվում են մասնավոր տներում կամ հանրային շենքերում՝ գրադարաններում, դպրոցական սրահներում եւ եկեղեցիներում։ Որոշ նահանգներում քվեարկությունն իրականացվում է ընտրաթերթիկների օգնությամբ, իսկ մյուսներում ժողովի մասնակիցները բաժանվում են մի քանի խմբերի՝ կախված թեկնածուից, որին նրանք աջակցում են, եւ կազմակերպիչները հետո հաշվում են արդյունքներն «ըստ գլուխների»։
Փրայմերիզը կազմակերպում են նահանգների կառավարությունները, եւ դրանք նույնպես կարող են խիստ տարբերվել ըստ ձեւաչափի.
«բաց» փրայմերիզներ. կարող են մասնակցել նահանգի գրանցված բոլոր ընտրողները, այդ թվում ընդդիմադիր կուսակցության աջակիցները;
«կիսաբաց» փրայմերիզններ. թույլատրվում է որպես մյուս կուսակցության կողմնակից գրանցված ընտրողների մասնակցությունը, բայց նրանց ձայնը մեկնաբանվում է որպես կուսակցական պատկանելության փոփոխություն;
փրայմերիզ, երբ, ընտրողներից բացի, որոնք նախապես գրանցված են որպես այդ կուսակցության կողմնակիցներ, թույլատրվում է քվեարկել անկախ ընտրողներին;
«կիսափակ» փրայմերիզներ. նահանգի օրենքները թույլ են տալիս քաղաքական կուսակցություններին որոշել յուրաքնաչյուր էլեկտորալ շրջափուլը, թույլ տալ, թե ոչ դրանց անկախ ընտրողների կամ այն ընտրողների մասնակցությունը, որոնք գրանցվել են որպես մյուս կուսակցության կողմնակիցներ;
«փակ» փրայմերիզներ. կարող են քվեարկել միայն համապատասխան կուսակցության գրանցված ընտրողները։
Փրայմերիզների եւ կոկուսների արդյունքներով որոշվում է նահանգի պատվիրակների թիվը, որոնք քվեարկելու են այս կամ այն թեկնածուի օգտին կուսակցության համագումարում։ Այս տարի հանրապետականների համագումարը տեղի է ունենալու հուլիսի 15-18-ին Միլուոկիում (Վիսքոնսին)։ Այովան կոկուսներից հետո կուղարկի 40 պատվիրակ 2 429-ից։