«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը կներկայացվի…
2024 թվականի հունվարի 30-ից մարտի 3-ը, Ժամանակակից արվեստի
թանգարանի նոր վերանորոգված և լուսա-տեղնիկայով վերազինված ժամանակավոր ցուցադրությունների սրահում (Երևան, Մաշտոց 7) ժամանակակից նկարչուհի Նարինե Առաքելյանի «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը /համադրող՝ Անտոն Լևախին/:
«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը. Նարինե Առաքելյանի ճանապարհորդությունն է դիցաբանությունից դեպի Մետավերս»:
Նարինե Առաքելյանը հրավիրում է արտասովոր ճամփորդության՝ իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» անհատական ցուցահանդեսով։ Այս պատմությունն միախառնում է բնությունը, առասպելաբանությունը և թվային նորարարությունը՝ ստեղծելով արվեստի հետաքրքիր նախագիծ, որն առնչվում է նաև ավանդականության հետ:
Այս ցուցահանդեսի հիմքում խորը այլաբանություն է, որը կապում է պատմությունն ու ժամանակակից իրականությունը:
Առաքելյանը ստեղծագործությունների այս շարքի համար ոգեշնչվել է ՙՙԱֆրոդիտեի քարը՚՚ լեգենդից, որը ամուր արմատավորված է հունական դիցաբանության մեջ: Արդյոք այստեղ էր Աֆրոդիտեն լողանում Հեփեստոսի հետ ժամադրություններից հետո, թե՞ այստեղ է նա հանդիպել իր սիրելի Ադոնիսին:
Ցուցահանդեսի կենտրոնական գործողությունը «Aphrodite’s Stone»-ում նկարահանված հմայիչ պերֆորմանսն է, որտեղ Նարինեն ինքը մտնում է ծովի անդունդը և վերածնված դուրս գալիս։ Այս գեղարվեստական ակտը գերազանցում է ժամանակը, կապում անցյալն ու ներկան, և ծառայում է որպես կերպարանափոխության խորհրդանիշ՝ ինչպես նկարչի, այնպես էլ առհասարակ կյանքի:
Աֆրոդիտեի մասին լեգենդի կողմից սրբացված քարերը դառնում են բնության շոշափելի մասունքներ: Նկարչի համար դրանք ծառայում են որպես վերականգնվող ռեսուրս, կտավ՝ արվեստի և տեխնոլոգիայի խաչմերուկը հետազոտելու համար: Այս քարերը նրա մտահղացման մարմնավորումն են՝ բնական աշխարհի և թվային ոլորտի միաձուլում, առասպելի և արդիականության ներդաշնակության ձոն:
Նարինե Առաքելյանի ստեղծագործական ուղին գենդերային ինքնության սոցիալական մեկնաբանություն և ուսումնասիրություն է: Պերֆորմանսի , ինստալացիայի, գեղանկարչության, քանդակի, վիդեո արվեստի և բնապահպանական արվեստի միջոցով նա իր ձայնն է տալիս սոցիալական արդարությանը:
«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը մարտահրավեր է նետում մեր պատկերացումներին՝ հրավիրելով մեզ խորհելու առասպելի մնայուն ուժի, տեխնոլոգիայի անսահման ներուժի և արվեստի փոխակերպիչ բնույթի մասին:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ. հունվարի 30-ին, ժամը 16.00-ին:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի ամեն օր՝ 11:00-18:00, բացի երկուշաբթի օրերից:
Նարինե Առաքելյան
Ծնվել է 1979 թվականին Սիբիրում /ՌԴ/: 2015 ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան ինստիտուտը: Այնուհետև մեկ տարվա ընդացքում կատարելագործվել է Լոս-Անջելեսի Գեղարվեստի ակադեմիայի Թվային արվեստի դեպարտամենտում: ՌԴ-ի նկարիչների միության անդամ է: Բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների և զանազան նախագծերի մասնակից և հեղինակ: Բազմիցս Վենետիկի միջազգային բիենալեներում ներկայացրել է Հայաստանը:
Նարինե Առաքելյանի աշխատանքները կարելի է բնութագրել որպես կերպարվեստի, ժամանակակից արվեստի և փերֆորմանսի սինթեզ, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա օգտագործում է քանդակ, գեղանկարչություն, մուլտիմեդիա և փերֆորմանսի արվեստը ժամանակակից հոսանքները ավելի ամփոփ ներկայացնելու համար:
Առաքելյանի ստեղծագործությունը կենտրոնանում է սոցիալական, մշակութային և քաղաքական թեմաների վրա, ինչպես նաև գենդերային ինքնության և ավանդական անցյալի և ներկայի ստերեոտիպների վրա: Ըստ Նարինեի մարդը՝ էներգիայի ալիք է ,որը ձևափոխում է իրականությունը: