Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանձնաժողովի կարգավորման ոլորտներում՝ էներգետիկայի (էլեկտրաէներգետիկական, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերը), ջրային, հեռահաղորդակցության, փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների, պարտադիր տեխնիկական զննության անցկացման ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, կարգավորվող ոլորտներում արդյունքային ցուցանիշները:
Անդրադառնալով հետագա անելիքներին՝ ներկայացվել է, որ նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ. շուկայի մոնիտորինգի շարունակականության ապահովում, սակագնային մեխանիզմների լավարկում, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման շարունակականության ապահովում, ջրային համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում: Հաշվետվության հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ հանձնաժողովի հայեցակարգային մոտեցումների, ծրագրային ուղղությունների վերաբերյալ:
Գարեգին Բաղրամյանն անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ նշել է, որ ըստ օրենքի հանձնաժողովը պետք է որոշի սակագները, եթե լիազոր մարմինը դիմի այդ հայցով:
Այս առումով, վարչապետը նշել է. «Սակագինն այն է, ինչ սպառողին պիտի երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ: Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ: Իհարկե, պարզ է, որ այդ ամեն ինչը մի գործողությամբ չի արվում, բայց կարծում եմ՝ այս համակարգերը բավականին երկար գործում են, և մենք պիտի կոնկրետանանք այս խնդրի լուծման մեջ և խնդիրն այս կոնկրետության մեջ ձևակերպենք»: