Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան 2017թ-ից Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան՝ պարբերաբար ընդլայնելով հավատարմագրման ոլորտը։
2023թ․ հոկտեմբերի 25-27-ը տեղի է ունեցել պարբերական գնահատման գործընթաց, որի ընթացքում հավատարմագրման է ներկայացվել նաև Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան։ Հաջողությամբ ավարտելով գնահատման գործընթացը՝ 2023թ․ դեկտեմբերի 22-ին «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է նոր սերտիֆիկատ և ընդլայնել հավատարմագրման ոլորտն արդեն երկու փորձարկման լաբորատորիաների համար։
Հարկ է նշել, որ Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան անասնաբուժության ոլորտում միջազգային հավատարմագրում ունեցող միակ լաբորատորիան է Հայաստանում։
Ներկայումս «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու՝ Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների և Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները, Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրված են ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան։
Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման նախապատրաստման գործընթացին զգալի աջակցություն են ցուցաբերել MSBC և «Ամաս» ընկերությունները։