Բուհերի միավորման ծրագիրը օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին

Մենք նախորդ տարի հուլիսին հայտարարություն էինք հրապարակել, որտեղ պարզ ներկայացրել էինք, որ մինչև 2030թ բուհերի խոշորացման միավորման կոնտեքստում քննարկումներ ենք սկսում և առաջարկել էինք, որ բուհերը մինչև այս տարվա փետրվար ներկայացնեն իրենց առաջարկները, դիտարկումները: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման, մասնավորապես Կոմիտասի անվան պետական կոնսերտավորիայի տեղափոխության հետ կապված հարցերին։

«Հիմա ձեւավորել ենք աշխատանքային խմբեր ամեն ուղղությունով, որոնք արդեն մանրամասն քննարկելու են բոլոր կողմ, դեմ տեսակետները, հիմնավորումները, փաստարկները:

Հենց արվեստների ուղղղությամբ էլ երեկ կամ դրա նախորդ օրը կայացել է առաջին քննարկումը, կոնսերվատորիայի ներկայացուցիչները նույնպես ընդգրկված են այդտեղ: Մենք շատ պատրաստկամ ենք, սա բարդ, բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, բոլոր կարծիքները, սիրով, կլսեք: Ես շատ ուրախ եմ, որ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվ է, միասին խոսելու կարիք ունենք մենք իրենց ավելի լավ հասկանալու, իրենք ծրագիրն ավելի լավ պատկերացնելու համար պետք է խոսել»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի, միակ ճիշտ ճանապարհն անընդհատ քննարկումների միջոցով հասկանալն է, թե որն է լավագույն տարբերակը։

Հարցին՝ հնարավո՞ր է  բուհերի միավորման  ծրագիրը վերանայվի և կոնկրետ Կոնսերվատորիայի հարցն առանձնացվի,  Ժ. Անդրեասյանն ասաց. «Բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է, քանի որ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե  պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք, և դրա շրջանակներում ցանկացած քննարկում, իհարկե, պետք է տեղի ունենա»։

Spread the love