Մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի կունենա «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հունվարի 26—31 Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում կարևոր քննարկումներ էր ծավալվել Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ։ Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնում, Իրանի Ազգային գրադարանում և արխիվում, Կրոնների և դավանանքի մասնագիտացված համալսարանում, Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանում, առաջատար հրատարակչան տներում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյուքնում է նաև մարտի 21-22 Մատենադարանում կայանալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողովը:
Գիտաժողովը մեկնարկելու է Մատենադարանի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում՝ ժամը 10:00-ին:
Բացման խոսքով ելույթ կունենան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին, Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը:
Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան շուրջ երկու տասնյակ անվանի գիտնականններ Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հունգարիայի առաջատար հաստատություններից․ Ակբար Իրանի-Գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոն, Ռուբեն Գալիչյան-ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Փիթեր Քաուի-ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարան, Իվեթ Թաջարյան-Մ.Մաշտոցի անվ.Մատենադարան և այլ տասնյակ բանախոսներ:
Երկօրյա գիտաժողովի թեմատիկ առանցքում կլինեն երկու ժողովուրդների մշակութային հատումները:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի և Սևրուգյան հիմնադրամի հետ համագործակցությամբ: