ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները Վայոց ձորի մարզում շարունակվում են

Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ Կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից, հերթական հանդիպումը Արենի համայնքում էր։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանը մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/։

Ըստ այդմ, ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝

  1. հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար.
  2. հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար.
  3. օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։

Հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացվեց նաև համայնքի ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին տեղեկատվություն։

Այնուհետև պատկան մարմինների ներկայացուցիչները պատասխանեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերին, որոնք առնչվում էին հիմնականում բնակապահովման ծրագրին, փաստաթղթերի կարգավորման, առողջապահական, սոցիալական ոլորտներին, ինչպես նաև աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվելու պայմաններին։

Spread the love