ՌԴ Պետդուման քննարկում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելու մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է ընդլայնել «ահաբեկիչների» եւ «ծայրահեղականների» ցուցակում ֆիզիկական անձանց ներառման հիմնավորումները, տեղեկացրել է The Moscow Times-ը։
Նախագծի ընդունման դեպքում ցուցակում կմտցվեն այն քաղաքացիները, որոնք կատարել են հանցագործություններ՝ նախատեսված ՌԴ ՔՕ 213 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն քաղաքական, գաղափարախոսական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի կամ սոցիալական որեւէ խմբի հանդեպ ատելության կամ թշնամանքի մոտիվներով)։ Ցուցակում կարող են ներառվել նաեւ 105 հոդվածի 2-րդ մասի «լ» կետով, 11 հոդվածի 2-րդ մասի «ե» կետով եւ 280.2 հոդվածով դատապարտված անձինք։
Այս ցուցակում հայտնվելը մարդուն մի շարք տհաճություններ է խոստանում։ «Ահաբեկիչերին եւ ծայրահեղականներին» Ռուսաստանում արգելում են կատարել գույքի հետ կապված ֆինանսական գործողություններ, ստանալ ժառանգություն եւ օգտվել բանկային քարտերից։ Նրանց թույլատրվում է աշխատավարձ ստանալ միայն տասը հազար ռուբլու չափով՝ ըստ հայտարարության։ Աշխատանքի տեղավորվելու ժամանակ նույնպես կարող են խնդիրներ առաջանալ։ Այս տարվա առաջին եռամսյակում «ահաբեկիչների» եւ «ծայրահեղականների» ցուցակում ավելացել է 669 մարդ, ինչը ռեկորդ է վերջին հինգ տարիների համար։ 2023թ. հունվար-մարտին ցուցակում մտցվել է 480 մարդ, 2022-ին՝ 378։ Ցուցակում ներառված են նաեւ քաղաքական հոդվածներով դատապարտվածներ, օրինակ՝ «բանակի վարկաբեկման» համար։
Վերջին տասը տարիներին ցուցակն ընդայնվել է հինգ անգամ եւ ներկա պահին ներառում է ավելի քան 14 հազար անուն։ «Ահաբեկիչ» եւ «ծայրահեղական» են անվանվել գրող Բորիս Ակունինը, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, «Դիսենետի» համահիմնադիր Անդրեյ Զայակինը եւ «Շանինկիի» դասախոս Բորիս Կագարլիցկին։
Ցուցակում ընդգրկված է 52 անչափահաս։ Նրանցից է Եգոր Լաուսկիսը, որը ցուցակում հայտնվել է 2024թ. փետրվարին 14 տարեկանում։ Անցած տասը տարում անչափահաս «ահաբեկիչների եւ ծայրահեղականների» թիվը ՌԴ-ում ավելացել է 3,5 անգամ։