Ռումինիայում պետական ծառայողների մոտ մեկ երրորդը առաջիկա երեք տարում թոշակի կանցնի, և նրանց մի զգալի մասը կփոխարինվի արհեստական բանականությամբ հագեցած ռոբոտներով։ Ըստ Digi24-ի՝ վկայակոչելով պետական տվյալներին՝ դրա մասին հայտարարել է թվայնացման նախարար Բոգդան Իվանը։
Ռումինիայի կառավարությունը վերջերս ընդունել է 2024-2027 թվականների արհեստական բանականության ոլորտում Ռումինիայի ազգային ռազմավարությունը, որը մամուլի ասուլիսում ներկայացրել է երկրի թվայնացման նախարարը։
«Առաջիկա երեք տարիների ընթացքում ակնկալվում է, որ պետական ծառայողների մոտ 30%-ը ստիպված կլինի թոշակի անցնել։ Ակնհայտ է, որ նրանց աշխատանքի զգալի մասը կփոխարինվի այս նոր տեխնոլոգիաներով՝ պետության թվային վերափոխման միջոցով»,- նշել է Իվանը։
Ըստ նրա՝ Ռումինիան պատրաստ է այս մարտահրավերին։
«Ամբողջ աշխարհում, ինչպես և մեզանում, նորագույն կանոններ են գործում, սա նոր տեխնոլոգիաների կիրառման նորագույն ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այն կյանքի կոչել»,- վստահեցրել է նախարարը։
Նա միաժամանակ ընդգծել է Ռումինիայի արհեստական բանականության ոլորտում ռազմավարության երկու «չափազանց կարևոր տարրեր», որոնցից առաջինը մարդակենտրոնությունն է՝ հավելելով, որ խոսքը մարդու իրավունքների հարգման սկզբունքի մասին է։
«Երկրորդը ռիսկերի դասակարգումն է, երբ խոսում ենք բովանդակության մասին, որը կարող է հայտնվել և հանրային տեղեկատվության կամ հանրային ազդեցության համար կրիտիկական լինել »,- նշել է Իվանը։
Պաշտոնյան հավելել է, որ ռազմավարությունը նախանշում է, թե որպես ազգային հետազոտության, զարգացման և նորարարության ծրագրի մաս՝ նոր տեխնոլոգիաներն ինչպես են ապահովվելու ազգային և եվրոպական ֆինանսավորմամբ: