Գիտնականները բերանի խոռոչում մանրէներ են հայտնաբերել, որոնք կարող են սպանել քաղցկեղի որոշ տեսակներ

Գիտնականները պարզել են, որ բերանի խոռոչի մանրէների տարածված տեսակը կարող է քաղցկեղի որոշ տեսակների «հալվելու» պատճառ դառնալ, գրում է The Guardian-ը։

Գայի, Սենտ Թոմասի և Լոնդոնի թագավորական քոլեջների գիտնականները հայտարարել են, որ իրենք «խիստ զարմացել են»՝ պարզելով, որ ֆուզոբակտերիան, որը սովորաբար հայտնաբերվում է բերանի խոռոչում, օժտված է քաղցկեղի որոշ տեսակներ սպանելու հատկությամբ։

Ըստ հետազոտության, գլխի և պարանոցի քաղցկեղ ունեցող մարդիկ, որոնց քաղցկեղի բջիջներում հայտնաբերվել են այս բակտերիաները, բուժման շատ ավելի լավ արդյունքներ են ունեցել: Այժմ, նախնական արդյունքները ստանալուց հետո, հետազոտողները ուսումնասիրում են այս կապի հիմքում ընկած ճշգրիտ կենսաբանական մեխանիզմները:

Գիտնականները մոդելավորում են օգտագործել՝ որոշելու համար, թե որ բակտերիաները կարող են հետաքրքրություն ներկայացնել հետագա ուսումնասիրության համար: Այնուհետև նրանք լաբորատորիայում ուսումնասիրել են բակտերիաների ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա և վերլուծել գլխի և պարանոցի քաղցկեղով 155 հիվանդների տվյալները: Գիտնականներն ի սկզբանե այլ արդյունք էին ակնկալում, քանի որ նախորդ ուսումնասիրությունները ֆուզոբակտերիաները կապում էին աղիների քաղցկեղի զարացման հետ: Լաբորատոր հետազոտությունների ընթացքում գիտնականները որոշ քանակությամբ բակտերիաներ են տեղադրել Պետրիի թասերի մեջ և թողել դրանք մի քանի օր: Երբ վերադարձել են, որպեսզի ստուգեն բակտերիաների ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա, հայտնաբերել են, որ քաղցկեղը գրեթե անհետացել է:

Նրանք պարզել են, որ ֆուզոբակտերիաներով  վարակվելուց հետո գլխի և պարանոցի քաղցկեղային բջիջներում կենսունակ քաղցկեղային բջիջների թիվը կրճատվել է 70-99%-ով։

Հիվանդների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ում մոտ քաղցկեղային ուռուցքներում հայտնաբերվել են ֆուզոբակտերիաներ, ապրելու ավելի մեծ շանսեր են ունեցել, քան նրանք, ում մոտ դրանք չեն եղել:

Գլխի և պարանոցի քաղցկեղում ֆուզոբակտերիաների հայտնաբերումը կապված է մահվան ռիսկի 65%-ով նվազման հետ՝ համեմատած այն հիվանդների հետ, որոնց քաղցկեղի բջիջներում այդ բակտերիաները չեն եղել։

Spread the love