Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ․ դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Օգոստոսի 12-ի երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի կոմից ստեղծվել է ՓԾ աշխատակիցերի հետ համատեղ հանձնաժողով։ Կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ։ Հիմնական աշխատանքները տարվել են Երանոսում։ Երանոսում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և քարեր են ընկել, 22 շենք-շինություններում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին, և Ծովասար բնակավայրում 2 տանն պատերին առկա են եղել ճաքեր։ Ծակքար բնակավայրում վնասվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին և գյուղի մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,- ասաց Նարեկ Սարգսյանը և հավելեց, որ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին` ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում (5 բալ ուժգնությամբ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևան քաղաքում (2-3 բալ)։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ։