Եվրամիության երկրների իշխանություններն արհամարհել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խնդրանքը՝ հանձնակատարների պաշտոններում կանանց առաջադրելու մասին։ Այսպիսի կարծիք է հայտնվել Financial Times (FT) թերթում հրապարակված հոդվածում։
Նրա հաշվարկներով՝ 27 երկրներից միայն 5-ն է ներկա պահին առաջադրել կանանց ԵՀ հանձնակատարների պաշտոնում, որոնցից երկուսի թեկնածությունն արդեն հաստատվել է, մեկը ինքն է՝ ԵՀ նախագահը (Գերմանիայից) եւ եվրադիվանագիտության ղեկավար Քայա Կալասը (Էստոնիայից)։ Եվս երեք թեկնածու առաջադրվել է Խորվաթիայից, Ֆինլանդիայից եւ Շվեդիայից։ Վեց երկրներ, ներառյալ Իսպանիան, առայժմ պաշտոնապես իրենց ընտրությունը չեն հայտնել, իսկ մնացած 16 երկրներն արդեն առաջադրել են տղամարդ թեկնածուներ, որոնցից հինգը կպահպանի պաշտոնները ԵՀ-ում երկրորդ ժամկետով։ «Մնում են առնվազն 11 երկրներ, որոնք պարզապես անտեսել են ֆոն դեր Լյայենի խնդրանքը»,- նշել է պարբերականը։
ԵՄ օրենսդրությունում չկան դրույթներ, որոնք կպարտավորեցնեին երկրներին որոշակի սեռի թեկնածու առաջադրել։ Սակայն ֆոն դեր Լյայենը դիմել է ԵՄ պետությունների իշխանություններին՝ խնդրելով պահպանել գենդերային հավասարակշռությունը ԵՀ թեկնածուների առաջադրման ժամանակ։ Այս ֆոնին թերթը նշում է, որ ֆոն դեր Լյայենը կարող է «պատժել այն երկրներին, որոնք միայն տղամարդկանց են առաջադրել՝ իրենց թեկնածուներին պակաս կարեւոր պորտֆելներ տալով Եվրահանձնաժողովում, բայց դա չպետք է «առաջացնի [ԵՄ] կարեւոր երկրների եւ քաղաքական ուժերի դժգոհությունը»։
Պարբերականը նաեւ հիշեցրել է, որ ԵՀ լրիվ կազմը պետք է հաստատվի ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանում։ «Իսկ եթե [թեկնածուների] առաջարկված ցուցակում ակնհայտորեն գերակշռեն տղամարդիկ, խորհրդարանականների մեծ մասը կարող են իրեն իրավունք վերապահել հավանություն չտալ [ԵՀ կազմին]»,- նշել է FT-ը։