Արու մոծակներն էգերին ճանաչում են ձայնի միջոցով. Current Biology

Գիտնականները հայտնաբերել են, որ միջատները հետապնդում են ուրիշներին միայն այն ժամանակ, երբ լսում են էգի բզզոցը:

Արու մոծակները՝ պոտենցիալ զուգընկերներին գրավելու համար հազարավոր պարսեր են կազմում, սակայն էգերին հետապնդելիս նրանք պետք է խուսափեն միմյանցից: Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանից դոկտոր Սաումյա Գուպտան պատմում է, որ նախկինում համարվում էր, թե մոծակներն այնքան թույլ տեսողություն ունեն, որ ի վիճակի չեն միմյանց տեսնել:

Ավելին, հայտնի է, որ արու մոծակները չեն որսում այլ արուների արձակած ձայները, ինչը նշանակում է, որ բախումներից խուսափելու համար նրանք  չեն կարող ապավինել սեփական լսողությանը: Այժմ Գուպտան և նրա գործընկերները լույս են սփռել այն փաստի վրա, թե ինչպես է դա միջատներին հաջողվում:

«Մենք ոչ միայն հայտնաբերեցինք, որ (մոծակները) կարող են տեսնել շուրջը թռչող այլ մոծակների տեսողական ազդանշանները,- ասում է Գուպտան, -«այլ նաև պարզեցինք, որ արու մոծակներն իրականում (էգին փնտրելու համար) կարող են ակուստիկ ազդանշանները համատեղել տեսողական ազդանշանների հետ:

Current Biology հանդեսում հրապարակված հոդվածում Գուպտան և նրա գործընկերները նկարագրել են, թե ինչպես են իրենք մոծակներին պահել վառ պիքսելների անփոփոխ նախշ արտացոլող լուսադիոդային վահանակով պատված փակ տարածքում:

Դա, ըստ գիտնականների՝ ընդօրինակում է այն, ինչ կարող էր տեսնել մոծակը պարսի մեջ: Այնուհետև գիտնականների թիմը լուսադիոդային դիսփլեյին մեծ շարժվող լույսի կետ է տեղադրել՝ անմիջապես կողքին թռչող մեկ այլ մոծակին ներկայացնելու համար:

Հետազոտողները բացահայտել են, որ մոծակները ցանկություն չեն ցուցաբերել մոտենալու մեծ մոծակին կամ հեռանալու նրանից, թեև գիտնականները փոփոխում էին թևերի թափահարման հաճախականությունն ու ամպլիտուդը՝ տատանման մեծությունը: Սակայն երբ լսվեց էգի ականջ ծակող բզզոցը, արու մոծակները վճռականապես շրջվեցին նշված ուղղությամբ։

«Հենց նրանք լսում են, որ էգ մոծակները ձայներ են արձակում, փորձում են որսալ առարկան», – պատմում է Գուպտան:

Այլ կերպ ասած՝ էգ մոծակի արձակած ձայնն, ըստ երևույթին, արու մոծակների տեսողական մշակման մեջ տեղաշարժ է ի հայտ բերում:

 

Spread the love