Երբ պարեկային ծառայությունը մասնակի ներդրվեց տարբեր մարզերում, մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ խոշոր մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, ամսական կտրվածքով 60-70 դեպքով աճում էր հանցավորության ցուցանիշը: Սրանք հիմնականում թմրանյութեր պահելու, սառը զենքեր և առհասարակ զենքեր պահելու դեպքեր էին: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ ներկայացնելով վիճակագրությունը, թե ինչը կարող է ազդել հանցավորության աճի վրա:
«Սա գնահատման տեսանկյունից շատ լավ է, որովհետև այդ դեպքերն օբյեկտիվ իրականության մեջ, այսպես թե այնպես, եղել են, բայց այդ դեպքերը սկսել են բացահայտվել և հանցավորության ցուցանիշի վրա սկսել են ազդել այն ժամանակ, երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել»,- ասաց Քյարամյանը և հավելեց, որ ոստիկանության ու իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը բերում է հանցավորության լատենտայնության նվազման:
Ըստ Քյարամյանի՝ հանցագործությունների թվից պետք է հանել նաև դեպքերը, որոնք հարուցվել են, բայց հետագայում պարզվել է, որ հանցագործություն չկա:
«Նաև թվային ցուցանիշ ունենք. մենք հանել ենք 2022 թվականի երկրորդ կիսամյակից առաջ մերժված նյութերը, այսինքն՝ քրեական գործի հարուցման փուլով չհարուցված նյութերը, և դրանք շուրջ 17 հազար են տարեկան կտրվածքով, այսինքն՝ մենք տարեկան կտրվածքով նախկին օրենսդրության պայմաններում շուրջ 17 հազար վարույթ չէինք նախաձեռնում, իսկ հիմա նախաձեռնում ենք, և դա իրական ազդեցություն է ունենում մեր ցուցանիշների վրա»,- ասաց նա:
Կարևոր ցուցանիշ է նաև հանցագործությունների և հատկապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը. «Այս առումով ՀՀ-ն բարձր ցուցանիշ է ապահովում՝ հատկապես անձի դեմ ուղղված հանցագործությունների տեսանկյունից, այդ թվում՝ զենքի գործադրմամբ: 90 տոկոս և ավելի բացահայտելիություն ունենք այս մասով»: