Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում կայացրեց որոշում, որով ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։

ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ այժմ նախարարության կազմում գործում է երկու ուսումնական հաստատություն, մեկը պատրաստում է ոստիկանների, մյուսը՝ փրկարարների:

«Միասնական կրթական կենտրոնի ստեղծումը թույլ կտա նախարարությանը արդյունավետ իրականացնել իր քաղաքականությունը մեկ կենտրոնում։ Նախագիծը նախևառաջ ուղղված է կադրերի պատրաստման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գործընթացների կառավարման բարելավմանը», — ընդգծեց Սարգսյանը։

Միասնական կենտրոնը, ըստ նրա, նաև կապահովի ճգնաժամային իրավիճակներում ոստիկանների և փրկարարների ավելի համակարգված փոխգործակցությունը:

Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Միասնական համալիրը հետագայում կտեղակայվի ակադեմիական քաղաքում։

Spread the love