Կոլումբիայի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճաժամկետ հիշողության թեստի և հոտառության թեստի զուգորդումն ի վիճակի է նույնքան ճշգրիտ կանխագուշակել ճանաչողական անկումը, որքան ուղեղի թանկարժեք տեսողական հետազոտությունները՝ փոխարենն առաջարկելով ավելի մատչելի միջոց՝ գնահատելու համար Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի վտանգը:
Հետազոտությունը, որը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբուժության և նյարդաբանության պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանին առընթեր Իրվինգ բժշկական կենտրոնի/Նյու Յորք նահանգի հոգեբուժական ինստիտուտին առընթեր ծերերի հոգեբուժության բաժանմունքի ղեկավար Դավանգեր Դևանանդը, խոստումնալից ապացույցներ է ներկայացնում, որ այս պարզ թեստերը կարող են միանգամայն օգտակար լինել կլինիկական պրակտիկայում՝ համակցված համապատասխան գիտելիքների հետ՝ հետագա կյանքում ճանաչողական ունակությունների խանգարումների ախտորոշման համար:
Սույն գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia բժշկագիտական հանդեսում։
Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականներն ութ տարվա ընթացքում վերլուծել են Մայոյի կլինիկայի ծերության հետազոտման 647 մասնակիցների տվյալները:
Արդյունքները ցույց են տվել, որ հոտի նույնականացման կարճ թեստի (BSIT) և ուշադրության կենտրոնացման դեպքում օգտակար տեղեկության մտապահման թեստի (BIMCT) համադրությունը նույնքան արդյունավետ է ճանաչողական ունակությունների անկումն ու դեմենցիան կանխատեսելու համար, որքան ամիլոիդային պատկերումը, որը լայնորեն օգտագործվող, բայց թանկարժեք եղանակ է:
Հետազոտության ընթացքում 102 մասնակիցների շրջանում զգացվել է ճանաչողական ունակությունների անկում, իսկ 34-ի շրջանում՝ դեմենցիա:
Առաջնային խնամքի հաստատություններում, որտեղ ավելի բարդ ախտորոշման եղանակներն անմատչելի են, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հոտի և հիշողության թեստերը խոստումնալից մոտեցում են մասնագետի ուղղորդման կարիք ունեցող հիվանդներին հայտնաբերելու առումով: