Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։
Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական կոմիտեի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են, այսպես կոչված, «Ադրբեջանական տներ» կազմակերպություններ, որոնք «միտված են համախմբելու արտերկրում բնակվող ադրբեջանցիներին»:
Արտերկրում գործունեություն ծավալող «Ադրբեջանական տներ»-ի աշխարհագրությունը
Հարկ է նշել, որ «արտերկրում բնակվող ադրբեջանցիներին համախմբել»-ով՝ այդ կազմակերպություններն իրականում երկրից դուրս այլ գործառույթ ունեն՝ իրականացնել հակահայկական քարոզչություն, ընդդեմ հայկականի՝ կազմակերպել ցուցահանդեսներ և միջոցառումներ։
Այսպես՝ «Ադրբեջանական տներ»-ի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվել էր «Ցեղասպանության և տեղահանության հանցագործություններն արևմտյան ադրբեջանցիների դեմ» խորագրով միջոցառում, ցուցադրվել էր նաև «İZ» (թարգմանաբար՝ հետք) «փաստագրական» ֆիլմը՝ հերթական անգամ հայերին մեղադրելով երևակայական տարածքի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պատմական հուշարձանները՝ ամրոցներ, պալատներ, դամբարաններ, մզկիթներ, կամուրջներ և այլն, ոչնչացնելու մեջ։
Ադրբեջանական սփյուռքի կողմից անցկացվող հակահայկական նմանօրինակ միջոցառումների թեմատիկան տարբեր է: Դեռևս փետրվարին Լեհաստանի Կրակով քաղաքում նորաբաց «Ադրբեջանական տուն» կազմակերպությունն անցկացրել էր, այսպես կոչված, Խոջալուի «ցեղասպանության» 32-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ իբրև թե լեհերին մանրամասն տեղեկություններ տրվեն Հայաստանի կողմից իրականացրած «էթնիկ զտումների» և «սպանությունների մասին»։
Lրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը նշել էր, որ պլանավորվում է ավելի շատ «Ադրբեջանական տներ» բացել, այդ թվում՝ մասնաճյուղեր Չեխիայում և Իրաքում: Իր խոսքում ադրբեջանցի պաշտոնյան նշել էր, որ աջակցում են «ազատագրված» տարածքների վերաբերյալ տարբեր լեզուներով գրքերի հրատարակմանը, և որպես օրինակ՝ ներկայացնում «Շուշիի պատմություն» գրքի գերմաներեն հրատարակումը:
Ուսումնասիրելով ադրբեջանական սփյուռքի գործունեությունը՝ վստահորեն կարելի է արձանագրել, որ այն հիմնված է հակահայկական բովանդակության վրա: Ըստ ամենայնի՝ Բաքվի իշխանությունն անգամ սփյուռքի միջոցով ջանք չի խնայում միջազգային հանրությանը ներկայացնել խեղաթյուրված հակահայկական փաստեր: