Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը կամ սոցիալ հոգեբանությունը էականորեն ապապետական է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը, խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը. «Ու այդպես եղել է միշտ, բայց սա մենք ամբողջական չենք գիտակեցել։ Կ՞ա պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ի դեպ, մենք մինչև այսօր որպես հայ ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք»,- ասաց նա։
«Սոցիալ-հոգեբանությունը չի փեւավորվում 1-2 տարում, նույնիսկ 50-100 տարում, դա տեւական գործընթաց է 100-ամյակների: Իսկ վերջին 600-ամյակում մենք միայն 35 տարի ենք անկախ պետության փորձ ունեցել: Մեր սոցիալ-հոգեբանության գենետիկան ձեւավորվել է մեծ մասամբ այն շրջանում, երբ մենք չենք ունեցել անկախպ պետականություն, այլ եղել ենք գաղութ, հպատակ, համայնք: Այսինքն օրգանական կապի մեջ չենք եղել այն պետության հետ, որի շրջանակներում ապրել ենք: Այդ պետությունները մեզ օտար են եղել:
Եթե նույնիսկ լավ ենք զգացել այդ պետությունների մեջ, զգացել ենք որոշակի օտարություն, դիմադրություն: Եվ այսպես նվազագույնը 600 տարի: Ստացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձեւն է, պետության մեր հիմնական արձագանքը:Հետեւաբար, պետության մեր առաջին ընկալումը պաևրտադրանքն է, որի առաջին ռեակցիան դա թոթափելու ներքին ցանկությունն է: Սա բացատրում է մինչ օրս տեղի ունեցած բազմաթիվ կարեւոր իրադարձություններ, եթե ոչ բոլոր իրադարձությունները»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա պնդեց, որ մեր սոցիալ մտածությունը համակարգային չէ, ինստիտուցիոնալ չէ, այլ դրվագային, որը տվյալ դեպքում ապապետականի հոմանիշ է: