Սիան Ցզյաոտոն համալսարանի բժշկական գիտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ լուծվող սուրճ խմելու սովորությունը կարող է ազդել տելոմերների երկարության վրա՝ ԴՆԹ-ի կարևոր ծայրերը, որոնք ծառայում են որպես ծերացման բիոմարկեր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed պորտալում։
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 468 հազար մարդու սննդային սովորությունների և տելոմերների երկարության մասին տեղեկատվությունը։ Ավելի ճշգրիտ վերլուծության համար օգտագործվել են ինչպես դիտողական մեթոդներ, այնպես էլ Մենդելյան պատահականացում, ինչը թույլ է տալիս բացահայտել պատճառահետևանքային կապերը: Հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր լրացուցիչ բաժակ սուրճի հետ տելոմերների երկարությունը նվազում էր, ինչը համապատասխանում էր կենսաբանական տարիքի մոտ 0,12 տարվա կորստի։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լուծվող սուրճին։ Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր բաժակ լուծվող սուրճի դեպքում տելոմերների երկարությունը կրճատվում է, ինչը նման է բնական ծերացման գործընթացին, որը տեղի է ունենում մոտ 0,38 տարի հետո: Թեև դա չի նշանակում, որ սուրճն ուղղակիորեն կրճատում է կյանքի տևողությունը, հետազոտողները ենթադրում են, որ լուծվող սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է արագացնել ծերացման կենսաբանական գործընթացները: