Տեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները:

Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել  է տեսչական վերահսկողության դերակատարումը կրթության ոլորտի պետական քաղաքականության բարելավման առումով:

«Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներին պետք է հետևեն որոշակի գործողություններ, որոնք կնպաստեն իրավիճակի բարելավմանը և դրական ազդեցություն կունենան կրթության որակի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ կատարված վերլուծությունները կքննարկվեն նախարարության, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարության զարգացման հիմնադրամի և այլ մասնագիտական կառույցների հետ՝ ըստ անհրաժեշտության բարելավելու նաև դպրոցներին առաջարկվող մեթոդական աշխատանքները:

Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ Վաղարշակ Մատինյանը նշել է, որ հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանցիների շրջանում կատարվել է լուռ ընթերցելու և ընթերցված տեքստը հասկանալու, վերարտադրելու և եզրահանգումներ կատարելու կարողության ստուգում, որին մասնակցել է 854 աշակերտ:

Ընտրված միջին բարդության տեքստերի համար, ըստ ուսումնասիրության արդյունքների, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրվել է առաջընթաց. երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորն աճել է շուրջ 10 տոկոսով: Ըստ այդմ՝  նվազել է նաև անբավարար արդյունք ցուցաբերած երեխաների թիվը՝ 47 տոկոսի համեմատ կազմելով 28 տոկոս։ Հետազոտությունը կատարվել է 20 դպրոցում, որոնցից 10-ը՝ Տավուշի մարզում, որտեղ ամբողջությամբ ներդրված է Հանրակրթության նոր չափորոշիչը, իսկ մնացածը՝ Երևանում և այլ մարզերում:

Ի թիվս դասալսումների և օրենսդրությամբ սահմանված նորմատիվ ակտերի պահպանման վերաբերյալ ստուգումների՝ Կրթության տեսչական մարմինն ավելի քան 7 տասնյակ դպրոցներում կատարել է նաև ներառական կրթության միջավայրի գնահատում՝ դիտարկելով ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը: Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են կրթության կառավարման լիազոր մարմնին՝ բարելավման նպատակով:

Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսվող տեսչական վերահսկողության աշխատանքների հիմնական ուղղությունները:

 

Spread the love