ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:
Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Նա նաև տեղեկացրել է՝ հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024- 2030 թվականների ռազմավարությունը, որում, որպես առանձին թիրախ, սահմանված են լողով զբաղվելու հնարավորություների և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը:
Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում: Անդրադառնալով միջազգային մրցաշարերի անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ:
Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է լող մարզաձևից: Նրա խոսքով՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերով Սևանա լճի լողափնյա հատվածում անցկացվող մրցաշարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, իսկ կազմակերպման հաջող փորձը վստահություն է հաղորդում, որ Հայաստանն ունի նաև միջազգային մասսայական միջոցառում անցկացնելու հնարավորություն:
Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը: Յոսիպ Վարվոդիչը վերահաստել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի պատրաստակամությունը մարզաձևի զարգացման ու միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում աջակցելու Հայաստանին:
Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան խոշոր մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նաև լողավազանի կառուցում է նախատեսվում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնավորի հետ համագործակցության միջազգային փորձառությանը, մարզիչների վերապատրաստմանը, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը կայցելի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, ինչպես նաև մասնավոր մի շարք լողավազաններ, կծանոթանա առկա ենթակառուցվածքներին: