Ընկույզներում պարունակվող կետոնները նվազեցնում են սրտի եւ անոթների հիվանդությունների հավանականությունը. JАР

Փորտսմուտի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոնային մոնոեթերները, որոնք սովորաբար պարունակվում են ավոկադոյում եւ ընկույզի մեջ, կարող են բարելավել սրտի աշխատանքի ինդեքսը եւ արյան շրջանառությունը փոքր անոթներում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology (JAP) ամսագրում:

Նշված մթերքներում պարունակվող կետոններն օրգանիզմում կարող են առաջանալ բջիջների ածխաջրային քաղցի արդյունքում, որը կոչվում է կետոզ։ Այդ պրոցեսն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել ճարպերից, ինչը թույլ է տալիս գոյատեւել, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ցածր է:

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կետոնները կարող են կանխել կոգնիտիվ խանգարումները ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Սակայն նոր աշխատանքի հիմնական ուշադրության կենտրոնում եղել է այն, թե ինչպես են կետոնային եթերներն ազդում սրտի վրա:

Հետազոտությանը մասնակցել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդիկ: Օրգանիզմը կետոզի վիճակի մեջ դնելու համար կամավորներին հանձնարարվել է հեղուկ կետոնային եթերային հավելում ընդունել: Երկրորդ փուլում փորձը կրկնվել է դատարկահաբով։ Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են մասնակիցների սրտի աշխատանքը, ոլոքի մկաններում թթվածնի մակարդակը եւ անոթների աշխատանքը:

Արդյունքները ցույց են տվել, որ կետոնային ըմպելիքը խմելուց հետո մասնակիցների սրտերն ավելի արդյունավետ են աշխատել ինչպես հանգստի, այնպես էլ չափավոր վարժությունների ժամանակ։ Նկատվել է նաեւ փոքր անոթներում արյան շրջանառության բարելավում:

Գիտնականները բացատրել են, որ կետոնային մոնոեթերները կարելի է ստանալ ոչ միայն հավելումների, այլեւ սննդի միջոցով։ Սպանախի, բրոկոլիի, ավոկադոյի, ընկույզի, ձիթապտղի, կոկոսի յուղերի, պանրի եւ ձկան մշտական ներառումը սննդակարգում կարող է օգտակար լինել սրտի առողջության համար:

Spread the love