Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ:

WebEx Technologies ընկերության պատասխանատուների խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում:

Կարևորելով նոր համակարգի գործարկումը՝  ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:

«Տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակը  թանգարանային ոլորտի կառավարման արդյունավետության բարելավումն է։ Էլեկտրոնային հարթակը պետք է քաղաքացիներին և զբոսաշրջիկներին բարձրակարգ ծառայություն մատուցի, որպեսզի  օգտվելով այս գործիքից՝  նրանք մշակութային ժառանգությանը հաղորդակցվեն ավելի հեշտ ու հարմար եղանակով: Համակարգից օգտվող  հազարավոր շահառուների սպասարկումը պատասխանատու աշխատանք է, և ընթացքում համակարգը կարող է ունենալ նաև լավարկումների և տեխնիկական հնարավորությունների զարգացման կարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով համակարգի շարունակական ընդլայնման և տեխնիկական բարելավման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ համակարգի մեկնարկը տրվել էր 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանում բացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքով:

Museumsarmenia.am կայքի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի ստանում է համապարփակ տեղեկատվություն թանգարանների, արգելոց-թանգարանների, ինչպես նաև դրանցում գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև կարողանում է էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: App Store-ում և Google Play-ում արդեն հասանելի է նաև միասնական ավտոմատացված համակարգի Museum Armenia բջջային հավելվածը:

ԿԳՄՍ նախարարը խրախուսել է նաև համակարգում համայնքային և մասնավոր թանգարանների ներգրավվածությունը. «Որքան ավելի շատ թանգարաններ միանան համակարգին, այնքան ավելի լավ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թանգարանների մուտքի կառավարման համակարգերին՝ տուրնիկետների, QR կոդի և այլ միջոցների կիրառմամբ:

Նշենք՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման համակարգերից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է, որի միջոցով իրականացվում են կարգաբերումները, մուտքագրվում է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվում է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվում է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվում են հաշվետվությունները, ապահովվում է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն:

Մուտքի հասանեիության վերահսկման և կառավարման համակարգը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև առցանց հերթագրման համար:

 

Spread the love