Սոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում սոցիալական կրեդիտից օգտվող երաշխավորված կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ առանձին բաժնով:

Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի՝ կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնման հարցին։

Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնումը վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, հանրակրթական ոչ պետական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված ուսման վճարներին, ինչպես նաև միջնակարգ ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերին` յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև երաշխավորման գործընթացին՝ նշելով, որ համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը /ԱՁ/ պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացվող ծրագիրը, որը ներառում է դասընթացի բովանդակությունը՝ տարիքային խումբը, տևողությունը, մեթոդաբանությունն ու ծրագրի իրականացման պայմանները: «Կրթական ծրագրերի երաշխավորման տեսանկյունից օրենսդրությունը հստակ է և կարգավորված. արտադպրոցական ծրագրերի համար գործում է երաշխավորման կարգ: Հաստատված է նաև առանձին կարգ՝ ոչ դպրոցական տարիքի անձանց լրացուցիչ /ոչ ֆորմալ/ կրթության կազմակերպման վերաբերյալ: Բնականաբար, խոսքը երկու գործընթացի մասին է: Առաջին՝ կազմակերպություններին անհրաժեշտ է իրազեկել երաշխավորման գործընթացի մասին, եթե, իհարկե, մինչ այս նրանք չեն դիմել ծրագրերի երաշխավորման համար: Երկրորդ՝ իրազեկել քաղաքացիներին, որ իրենց, ինչպես նաև իրենց երեխաների հաճախած խմբակները, համապատասխան կենտրոնները, կազմակերպություններն աշխատում են երաշխավորված ծրագրերով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշել է, որ եկամտային հարկից վերադարձի հնարավորություն են ստանում նաև այն քաղաքացիները, որոնք իրականացրել են ծախսեր արտադպրոցական կրթության ոլորտում, օրինակ՝ իրենց երեխաները հաճախում են արվեստի, երաժշտական, գեղարվեստի որևէ դպրոց: Նախարարի խոսքով՝ ներկա պահին Հայաստանում գրանցված են 238 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ կամ կենտրոններ, որտեղ սովորում են ավելի քան 55 հազար երեխաներ, որոնցից ավելի քան 43 հազարը՝  վճարովի հիմունքներով:

«Այսօր ընդունված որոշմամբ քաղաքացիներն այս ծախսերի փոխհատուցումը կարող են ստանալ եկամտային հարկի վերադարձից՝ սոցիալական կրեդիտի տեսքով: Կարևոր նախապայման է վճարումն անկանխիկ եղանակով»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ  ծրագրի շահառու կարող են դառնալ բավական մեծ թվով քաղաքացիներ։

Անդրադառնալով միջնակարգ ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է. «Դասագրքերի համար վճարներ իրականացնում են 5-13-րդ դասարաններում սովորող բոլոր երեխաների ծնողները՝ բացառությամբ սոցիալական որոշ խմբերի: Այս որոշման արդյունքում նրանք կարող են յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամի չափով եկամտային հարկից վերադարձ ստանալ»:

Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում սահմանվել է, որ նշված ուղղություններով սոցիալական ծախսերի հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում կստանան  նաև 2024 թ. համար` հետադարձ ուժով, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ՝ բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի:

Հիշեցնենք՝ եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս են համարվում ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները և առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը։

 

Spread the love