
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք։
Նա նշել է, որ «Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության։
«Ես լռել եմ։ Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ
Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց ԻՄ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ։
Ու ցավալի ու ամոթալին այն է , որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգր», – նշել է երգիչը Instagram–ի իր էջում։
Նա հայտնել է, որ երգը գրել է 2018 թվականին, Երևանում։
«Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար», – նշել է երգիչը։
Նա ընդգծել է, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։
«Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները։ Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ», – նշել է Էրիկը։