Հայաստանում գրանցվել  է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

 

Երեկ  մարտի 8-ին՝ տեղական ժամանակով 09:26:57 (UTC 05:26:57),  Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է  5.2 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 7 բալ ուժգնության: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:

 

Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.931, արևելյան երկայնության՝ 44.268: Էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, Վանաձոր քաղաքից՝ 21 կմ հյուսիս-արևմուտք, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից՝ 37 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախի լիցքաթափումը մինչև ներկա պահը ուղեկցվում է 10-ից ավելի հետցնցումներով, որոնցից 4-ի ուժգնությունը գնահատվել է ML=1.8÷3.4 միջակայքում: Այդ պրոցեսը ներկայում շարունակվում է և, ըստ Բաֆի օրենքի, տեղի ունենալիք առավելագույն հետցնցման մագնիտուդի արժեքը կարող է գնահատվել ML=4.0, հայտնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը:

 

Spread the love