ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով․ ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը

Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։

Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող եք ընտրել Ձեզ հարմար օրն ու ժամը և սպասարկվել նախանշված տեղում։

Մարտ ամսվա ընթացքում ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն՝

  • մարտի 13-ին, ժամը 10։30-13։30, Արարատի մարզի Երասխ և ժամը 14։30-15։30 Զանգակատուն (մեքենաները տեղակայվելու են գյուղերի շրջանաձև երթևեկության ճանապարհահատվածում), ինչպես նաև, զուգահեռաբար, ժամը 10։30-13։30 Կոտայքի մարզի Գառնի (Շահումյան հրապարակում) և ժամը 14։30-17։30 Բյուրեղավան (Զորավար Անդրանիկի փողոց՝ Մշակույթի տան հարևանությամբ) համայնքներում՝ իրականացնելով դիմումների ընդունում և խորհրդատվական ծառայությունների մատուցում։
  • Մարտի 20-ին, ժամը 10։30-12։30, Արարատի մարզի Երասխ համայնքում ՆԳՆ շարժական գրասենյակը կիրականացնի փաստաթղթերի հանձնման աշխատանքներ, իսկ մարտի 21-ին, ժամը 10։30-12։30 պատրաստի փաստաթղթերը կհանձնվեն քաղաքացիներին արդեն Կոտայքի մարզի Գառնի համայնքում, իսկ ժամը 13։30-15։30՝ Բյուրեղավանում։
  • Մարտի 20-21-ին, միաժամանակ շարժական գրասենյակները կայցելեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներ՝ իրականացնելով դիմումների ընդունման և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներ, զուգահեռաբար՝ նույն օրերին մեկ այլ շարժական գրասենյակ կլինի Լոռու մարզի Թումանյան և Ախթալա համայնքներում։ Մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, Գեղարքունիքի և Լոռու մարզի նույն համայքներում գրասենյակները կտրամադրեն թողարկված փաստաթղթերը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

անձնագրի փոխանակում,

հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,

հաշվառման տեղեկանքի տրամադրում,

ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,

հաշվառումից հանում,

ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում,

անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում,

խորհրդատվության տրամադրում։

Հաշվառման-քննական բաժինների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,

սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,

հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,

հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն,

տրանսպորտային միջոցի խոտանում,

հաշվառման ժամանակավոր կասեցում,

սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում։

 

 

Spread the love