Քունը մինչ այժմ հանելուկ է մնում՝ չնայած այն բանին, որ շատ կարեւոր է մեր առողջության համար։
Մեզանից շատերը քնի վրա ծախսում են կյանքի մոտ մեկ երրորդը, բայց ինչ-որ մեկին կարող է ավելին անհրաժեշտ լինել, ինչ-որ մեկին էլ՝ ութ ժամից ավելի քիչ։
Ահա թե ինչ են ասում քնաբան-գիտնականները եւ բժիշկներն այն մասին, թե որքան ժամանակ պետք է ծախսել քնի վրա։
«Դրա պատճառներն այնքան էլ պարզ չեն, բայց դա անհրաժեշտ բան է, որը մենք բոլորս անում ենք,- ասել է դոկտոր Ռաֆայել Փելայոն (քնի մասնագետ Սթենֆորդի համալսարանից), տեղեկացրել է Euronews-ը։- Երբ դուք քնում եք, տեղի է ունենում մի ինչ-որ զարմանալի բան։ Դա ինքներդ ձեզ խնամելու ամենաբնական ձեւն է, որը մենք ունենք»։
Ջոնս Հոփկինսի համալսարանի քնի վարքային բժշկության գծով կլինիցիստ Մոլի Էթվուդի խոսքով՝ բնակչության մեծ մասը քնում է 7-9 ժամ, եւ հենց այդ կարգն ունի ամենաքիչ կապը առողջական խնդիրների հետ։
Էթվուդի խոսքով, եթե մարդիկ քնում են միջինը վեց ժամից քիչ կամ ինը ժամից շատ, առողջական խնդիրների վտանգն ավելանում է, բայց բոլոր մարդիկ տարբեր են։
Երբ փորձում եք պարզել, թե որքան է անհրաժեշտ քնելու համար, կարեւոր է մտածել նրա որակի մասին, ասել է Փելայոն՝ ավելացնելով, որ դուք կցանկանայիք արթնանալ առույգ զգացողությամբ։
«Եթե ինչ-որ մեկն ինձ ասում է, որ քիչ է քնում, բայց արթնանում է հոգնած, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ,- ասում է Փելայոն։- Դուք չպետք է քաղցած հեռանաք ցանկացած ռեստորանից»։
Քնի տեւողությունը, որը մեզ անհրաժեշտ է, փոխվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Ամենից շատ այն պահանջվում է նորածիններին՝ մոտ 14-17 ժամ։
«Հաստատ, երբ մենք նորածին ենք եւ երեխա, որովհետեւ մենք այնքան արագ ենք մեծանում, մեզ ավելի շատ քուն է հարկավոր»,- ասում է Էթվուդը։
Քնի ազգային ֆոնդը խորհուրդ է տալիս մեծահասակների մեծ մասին 26-64 տարեկանում քնել 7-9 ժամ։
Տարեց մարդիկ կարող են քնել մի փոքր ավելի քիչ, իսկ երիտասարդները՝ 16-25 տարեկան, մի փոքր ավելի։
Մարդն անցնում է քնի փուլերի միջով յուրաքանչյու 90 րոպեն մեկ։ Էթվուդի խոսքով՝ գիշերվա առաջին կեսին ցիկլի մեծ մասը զբաղեցնում է դանդաղ-ալիքային քունը կամ խոր քունը, որն անհրաժեշտ է օրգանիզմի վերականգնման եւ նորոգման համար։ Այդ ժամանակ արտազատվում է նաեւ աճի հորմոնը։
Գիշերվա վերջին ժամերին ցիկլի մեծ մասն անցնում է աչքերի արագ շարժման քնի կամ երազի մեջ, ինչը կարեւոր է ուսուցման եւ հիշողության ամրապնդման համար, գործընթաց, որով կարճատեւ հիշողությունը վերածվում է երկարաժամկետ հիշողության:
Նրա խոսքով՝ երեխաներն ավելի շատ «խոր քուն» ունեն՝ գիշերվա մոտ 50 տոկոսն անցկացնում են այդ տարածքում: Ըստ Էթվուդի՝ այս ցուցանիշը նվազում է դեռահասության շրջանում, քանի որ մեր օրգանիզմը նույն վերանորոգման եւ վերականգնման կարիքը չունի:
Սեռական հասունացման ընթացքում մեկ այլ հետաքրքիր բան է տեղի ունենում. քնի մեջ գենդերային տարբերությունները սկսում են ի հայտ գալ:
Հետազոտությունները ցույց չեն տալիս, որ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, բայց կանայք միջինը մի փոքր ավելի շատ են քնում, քան տղամարդիկ, ասում է Էթվուդը:
Այն սկսվում է երիտասարդ տարիքից։ Թեեւ նրանք ունեն քնի նույն պահանջները, դեռահաս աղջիկները կարծես թե ավելի քիչ են քնում, քան դեռահաս տղաները, ասում է Փելայոն: Բացի այդ, դեռահաս աղջիկներն ավելի հաճախ են բողոքում անքնությունից։
Երբ կանայք առաջին անգամ մայր են դառնում, նրանք ավելի հաճախ են խնամում իրենց նորածիններին գիշերվա ընթացքում, ինչը նշանակում է, որ նրանք ավելի քիչ են քնում, ասում է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի կլինիկական հոգեբան եւ քնի հետազոտության պրոֆեսոր Էլիսոն Հարվին:
Քնի քանակի եւ որակի վրա հորմոնները կարող են ազդել նաեւ հղիության եւ դաշտանադադարի ընթացքում:
Փորձագետներն ասում են, որ կանայք նաեւ կարող են ավելի շատ քնի կարիք ունենալ անմիջապես դաշտանային ցիկլից առաջ։
Դուք կհասկանաք, որ բավականաչափ չեք քնել, եթե ձեզ մրթմրթան, դյուրագրգիռ եւ անուշադիր եք զգում: Երկարաժամկետ հեռանկարում այս աննշան ախտանիշները կարող են վերածվել լուրջ, նույնիսկ մահացու վտանգավոր խնդիրների:
«Եթե բավականաչափ չեք քնում կամ ունեք չբուժված անքնություն կամ ափնոե քնի մեջ, դեպրեսիայի զարգացման ռիսկը մեծանում է»,- նշել է Էթվուդը:- Բարձրանում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, ինչպիսին են արյան բարձր ճնշումը, սրտի կաթվածը եւ ինսուլտը: Ձեր իմունային համակարգը վտանգվում է: Դուք Ալցհեյմերի հիվանդություն ունենալու ավելի մեծ վտանգի տակ եք»:
Եթե ամեն գիշեր քնում եք, բայց, միեւնույն է, արթնանում եք հոգնած, արժե դիմել թերապեւտին։
Էթվուդի խոսքով՝ նրանք կարող են բացառել այլ հիվանդությունները, որոնք կարող են ազդել ձեր քնի վրա։ Բայց եթե խնդիրները չեն անհետանում արժե դիմել քնի մասնագետի։